Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Վրիժառութեան հայ քրմերը - Խոտորջուրցիներ

Վրիժառութեան հայ քրմերը - Խոտորջուրցիներ
28.04.2026 | 11:18

Այստեղ յառնում են Հայաստանի ամենաբարձր լեռները. Քաջքարը մեր երկրի քարէ տանիքն է, որտեղ դարեր առաջ Հայկը յաղթել է Բէլին: Ու դա առասպել չէ՝ ճակատամարտից առաջ մեր նահապետը ելել է այս նոյն լեռներն ու ընդերքից յորդացող պաղպաջուն գետի մէջ սուզել երեքթեւեան նետերը: Եօթ օր, եօթ գիշեր յետոյ, երբ հանել, ջրդեղել է բարկ արեւի տակ ու արձակել լայնալիճ աղեղով, նետերը օձի նման շաչել, որձաքարերին դիպչելով՝ շանթեր են արձակել... Հէնց այդ գետն է, որ լեռներից հովիտ գահավիժելով՝ կտրուկ խոտորւում, թեքւում է Ճորոխ: Դրա համար էլ Խոտորջուր է կոչւում: Առաջ գետի ափին նոյն անունով միայն մի փոքրիկ գիւղ կար, որը Մամիկոնեանների տոհմական ամառանոցն էր, յետոյ աստիճանաբար թաղերը մեծացան, թաղերը բաժանւեցին, Ճիճապպղ, Կարմրիք, Միջնթաղ, Խանդաձոր, Մոխորկուտ անուններով գիւղեր կազմեցին: Քարտէզի վրայ իզուր մի փնտրէք, չէք գտնի, չկան այլեւս այդ շէն ու շէնշող բնակավայրերը: Մինչեւ վերջերս կար միայն խոտորջուրցի Վահան Հուլունեանը, որը սահմանամերձ Արաքս կայարանի իր տան տանիքին հեռադիտակ էր յարմարեցրել, հեռւից գոնէ բնօրրանն էր տեսնել ուզում, չէր կարողանում: Վերջը չհամբերեց, այսպիսի նամակ գրեց թուրքական Հունուտ գիւղի Ալի բէկին, որն իրենց Միջնթաղի տանը շատ էր հաց կիսել, հօր հետ մի քանի անգամ Ռուսաստան էր գնացել-եկել:

«Ալի բէկ, քո Աստծու սիրուն, քո զաւակների սիրուն, մի գիր ուղարկիր իմանամ՝ մեր տունը, այգին ի՞նչ եղան, վանքի գմբէթը հօ չի՞ խոնարհւել, հանգստարանի խաչքարերը կանգո՞ւն են: Թէ նեղութիւն չի, նամակիդ մէջ մի պտղունց հող դիր, որ երբ մեռնեմ, աչքերիս ցանեն, նոր թաղեն»:

Ալի բէկը ողջ չէր, նամակին այսպէս պատասխանեցին նրա որդիները, թոռները: Գեղովի. «Տօ անամօթ հայեր, դեռ երես ունէք ձեր տունն ու այգին է՛ք յիշում: Ձեզ ի՞նչ էր եղել, որ մեզ էսպէս փերուշան թողեցիք, գնացիք: Թրքանայիք, մնայիք էլի: Հէչ չմտածեցի՞ք, թէ ով պիտի բանեցնի ձեր ջաղացները, մեր երեխաների համար չիր ու պաստեղ ո՛վ պիտի չորացնի: Որ էդպէս է, էդպէս, էլ ձեր գիւղերի անունները չտաք, չյիշէք: Մի պտղունց հո՛ղ, իսկի փուշ չենք ուղարկի, որ աչքներդ մտցնէք»:

Խոտորջուրցի կանայք, որոնք բոլորն էլ Հայկ Նահապետի զարմից էին սերում, տղամարդու պէս լայնաթիկունք, յաղթանդամ ու յաղթահասակ էին, կանխազգում էին, որ իրենց բնօրրանն էլ չեն տեսնելու: 1915 թւականի յունիսի 11-ին, երբ նորածիններին փայտէ օրօրոցները դրին ու շալակներն առած տարագրութեան ճամբան ընկան, հէնց Խոտորջուրը սուզւեց ամպերի, սարերի մշուշում, չդիմացան՝ այդ տղամարդ-կանայք փլւեցին, փղձկացին, մի ձայնի երգեցին.

- Մնաս բարով, սիրուն

Խոտորջուր,

Մնացէք բարով, սարեր ու ձորեր,

Ժամեր, մատուռներ,

Տուն ու թոնիրներ...

Քաջքարը լսում ու չէ՛, չէր ճաքում, Ճորոխ գետի վարարած ջրերը չէին ցամաքում:

Ուղեկցող զինւոր-ոստիկանները միայն հրամայեցին օրօրոցները կռնակներից իջեցնել ու ասացին.

- Որ էդպէս սրտալի երգում էք, հիմա էլ հանւէք, պորտապարով մնաս բարով արէք ձեր շէներին:

Կարդացո՛ղ, կարող է զարմանաս՝ բա էդքանի մէջ մի հայ տղամարդ չկա՛ր, որ քար վերցնէր, գոնէ քարով պաշտպանէր իր ազգի կանանց պատիւը: Չէ՛, չկար, համարեա չկար: Խոտորջուրի ուստրերը հէնց 13-ը բոլորում, Ռուսաստան էին պանդխտում, Թբիլիսիի, Ռոստովի, Դոնբասի, Խարկովի փռերը բանեցնում: Նրանց թխած հացը նմանը չունէր, համով-հոտով, անգամ տեսքով հիացնում էր: Խեղճերը ամբողջ օրը, ընդորում՝ նաեւ գիշերը, բարկ քուրաների առաջ խանձում ու հէնց մի քանի կոպեկ յետ էին գցում, կարօտած գիւղ էին շտապում: Այդպէս՝ Խոտորջուրի փողոցներում մերթընդմերթ տղամարդիկ էին յայտնւում՝ իրենց հետ բերելով ռուսական երկարաճիտ կօշիկներ, ինքնաեռներ եւ այլն:

Նրանք, երբ տեղահանութեան լուրն առան, չսպասեցին անգամ, որ տաշտերի խմորը թթւի, Փոթի շտապեցին՝ գլուխները էս քարին, էն քարին խփեցին, Սեւ ծովը կտրել չհասցրին: Առաջին համաշխարհային պատերազմն սկսւել էր, սահմանով իսկի ծիտ չէր կարողանում անցնել. ո՞վ էր հային բանի տեղ դնում: Լաց եղան նրանք տղամարդու ծանր լացով, վհատ, յուսաբեկ յետ դարձան:

Ու չիմացան, թէ ինչպէս խոտորջուրցի կանանց քարաւանն ուղեկցող, աւելի ճիշտ՝ տանջամահ անող զինւոր-ոստիկանները ողջ-ողջ թաղեցին 13-ամեայ՝ Տիրամօր նման գեղեցիկ Մագթաղինէ Սանոյեանին, քանի որ աղբիւրների մօտ անգամ արգելում էին ջուր վերցնել, մայրերը երեխաների մէզը թիթեղեայ ամանների մէջ հաւաքեցին, խմեցին, Եփրատի կամուրջն անցնելիս, պատիւներն անարատ պահելու համար նրանք նախ դեռատի դուստրերին գետը հրեցին, յետոյ իրենք խաչ հանեցին, հետեւներից նետւեցին:

Այս ամէնն ի՞նչ էին, սակայն, այն արհաւիրքի համեմատութեամբ, որ պատմեց զինադադարից յետոյ արաբ բեդւինի տարազով Թբիլիսի հասած Կառլոս Չախալեանը:

Ուրֆայի մօտերքում էր, բարկ աւազից անտեսանելի կրակ, բոց էր բարձրանում: Ինչպէս Սինայի անապատում անկէզ այրւում էին մորենիները: Խոտորջուրի առնական կանայք, սմքել, սեւացել, կծկւել էին կողք-կողքի: Փրկութեան ոչ մի յոյս չէր մնացել: Քարաւանի ամենածեր կինը՝ Մարուզ մամիկն անգամ, որ իրենց զովասուն լեռներից մինչեւ այդ անջրդի հովիտները բոլորին գօտեպնդել, յղիներին տատմէրութիւն էր արել, հիւանդներին խոտերով ու բոյսերով բուժել, լաչակը քաշել էր գլխին, պապակ շուրթերով աղօթում էր: Ինչո՞ւ Աստւած չէր առնում հոգին, որ չտեսնէր, թէ ինչպէս է վերանում, անապատի աւազներին խառնւելով անէանում Խոտորջուրը: Յանկարծ նրան թւաց, թէ ընդերքը դողաց: Դժւարութեամբ յետ տարաւ լաչակը, չհաւատաց աչքերին: Վերջալոյսի արնագոյն բոցերի միջից, թիկնազօրով շրջապատւած, մի հրեղէն ձիաւոր էր մօտենում:

- Ղանջըղնե՛ր,- իրար անցան, խզակոթերով կանանց հրհրեցին, ոտքի հանեցին զինւոր-ոստիկանները,- գլուխ տւէք, երկրպագեցէք, Ջեմալ փաշան՝ մեր ծովային նախարարն ու Հարաւային ճակատի գերագոյն հրամանատարն է անցնում:

Թիկնազօրը կանգ առաւ: Ջեմալը հեծել էր արաբական ճերմակ երիվարն ու ստէպ-ստէպ զնգացնում էր արծաթէ ասպանդակները: Նայեց, նայեց նրան Մարուզ մայրիկն ու մէկ էլ գլխի ընկաւ՝ սա է հէնց այն պահը, որ պիտի որոշի Խոտորջուրի լինել-չլինելը: Լաչակը քանդեց, ճերմակ մազերը ոսկրացած այտերն ի վար թափեց, չոքէչոք Ջեմալին մօտեցաւ.

- Փաշա՛,- ասաց,- քո ոտն ենք ընկել, գութն ենք աղերսում, թոյլ տուր դառնանք մեր տները: Մենք կինարմատ ենք, որ տեղով կրակ էլ կտրենք, ի՞նչ կարող ենք անել: Խղճա...

Ջեմալը վերից վար չափեց մօր տարիքի կնոջը, խոհերի մէջ ընկաւ: Յետոյ ոսկեհիւս մտրակով քորեց ականջի յետեւն ու ժպտաց անհասկանալի, անբացատրելի ժպիտով:

- Քաւթառ ջադու,- յանկարծակի մտրակը ծեր մամիկի դէմքին շաչեցրեց նա,- կարծում ես՝ միտքդ չե՞մ հասկանում, չգիտե՞մ, որ ձեր ամուսինները կռւում են Անդրանիկի բանակում: Ուզում էք ողջ մնաք, տուն գնաք, որ էլի հայ լակոտնե՞ր ցնկնէք: Օձի էգն ու արուն չի լինում, հայ կանայք մեզ համար նոյնքան վտանգաւոր են:

Նա մտրակը բարձրացրեց, որ մի անգամ էլ խփի, բայց նկատեց ձիու սմբակների տակ լճացող արիւնն ու Դեր Զորի ճամբան ցոյց տւեց.

- Տարէք, բոլորին տարէք...

Զինւոր-ոստիկաններն իրենց Դեր Զոր հասնելու նեղութիւն էլ չտւին, հէնց Ջեմալ փաշան հեռացաւ, վրայ հասան, անզօր, անպաշտպան կանանց մորթոտեցին, խաչեցին, ցիցը հանեցին: Ոչ ոք չփրկւեց...

Համբերիր, ընթերցո՛ղ, այս ամէնն այսպէս չվերջացաւ, եւ ոչ էլ Ջեմալ փաշայի արածն իրեն մնաց:

Կառլոս Չախալեանի պատմութիւնից յետոյ Թբիլիսիի խոտորջուրցի փռապանները ուրւականների պէս էին շրջում, իրենց անգամ իրենց կանանց արժանի չէին համարում: Նրանք մեռել, բայց կարողացել էին պատւով մեռնել՝ ամէն ինչից զրկւելուց յետոյ ինչո՞ւ էին իրենք ապրում, չէին հասկանում:

Վերջապէս հասկացան:

Շատ ժամանակ չանցաւ, ու Քաբուլից Մոսկւայի վրայով տուն վերադառնալիս՝ Ջեմալ փաշան որոշեց մի քանի օր Թբիլիսիում մնալ: Նա շատ էր լսել վրաց գեղեցկուհիների, Կախէթի գինու, գուսանների յուզաթաթաւ երգի մասին: Աշխարհն ո՞ւմ էր մնացել, որ իրեն մնար՝ փաշայի սիրտը քէֆ, ուրախութիւն էր ուզում: Այդ մասին առաջինը Օգոս Սչանեանն իմացաւ ու առաւօտ շուտ Պօղոս Պօղոսեանի փուռը խուժելով՝ սովորական բարեւ-բարի լոյսի փոխարէն՝ վրայ տւեց.

- Հայրենակիցնե՛ր, աւետի՛ս:

Հացթուխները գլուխներն անգամ չբարձրացրին: Ի՞նչ լուր պիտի լինէր, որ իրենց տրամադրութիւնը փոխէր:

- Հասկացէ՛ք,- Օգոսի ձայնը միանգամից ցածրացաւ, խորհրդաւոր դարձաւ,- որսը երկու ոտքով թակարդն է ընկել: Ջեմալ փաշան Թբիլիսիում է:

- Ոնց թէ,-փռապանները ցնցւեցին, նայեցին իրար, չհաւատացին:

- Հաստատ եմ ասում, ու եթէ բան է, ձեռքներիցս պրծացնենք, պիտի լաչակ կապենք, Քուռն ընկնենք:

- Ուրեմն՝ խոհեմ վարւենք,- Գէորգը, որ տարիքով ամենից մեծն էր, արագ փակեց դուռը,- բոլորս էլ վրէժ ունենք, գիշերը ժողովի նստենք, ինչ որ անելու ենք, միասին անենք:

- Ինչի ժողովի նստենք, սնդաւենք վերջանայ,- Խոտորջուրի բարբառով կարճ կտրեց Արտաշէս Գէորգեանն ու կապտելու աստիճան սեղմեց բռունցքները:

- Սնդաւենք,- արձագանգեցին բոլորն ու կապտելու աստիճան սեղմեցին բռունցքները:

Կէսգիշերին տասներեք հոգի լուռ, աննկատ, Սերոբ Դուրլարեանի փուռը մտան: Բոլորն էլ ճերմակած մազեր, խորշոմած այտեր ունէին, բայց տարիքով մեծ չէին: Խոտորջուրցի հացթուխները միանգամից այդպէս ծերացան, երբ հասկացան, թէ ինչ են կորցրել աշխարհում: Բովտան մարմրող լոյսերի ներքոյ նրանք իրենց ուխտը վաւերացրին, յանձնարարականներ ստացան, պարտականութիւններ ստանձնեցին ու համբուրւելով՝ աներեւութացան խաւարում:

Այսինքն՝ ոչ միայն նրանք, եթէ Անդրանիկի կամաւորական բանակի բոլոր խոտորջուրցիներն էլ հաւաքւէին, ի՞նչ պիտի անէին: Ճիշտ է, Ջեմալ փաշան նոյնիսկ մտքով չէր անցկացնում, որ աշխարհում ողջ խոտորջուրցի է մնացել, բայց վերջերս մի անբացատրելի վեհերոտութիւն էր ծւատում հոգին: Ինքն իրեն չէր խոստովանում, բայց սկսում էր վախենալ եւ այն էլ ումի՞ց՝ հայերի ուրւականներից, որոնց հարաւային ռազմաճակատում ընդունել, ստոյգ մահւան էր ուղարկել: Անխտիր բոլորին էր ուղարկել, դրա համար չէր հասկանում, թէ ինչպէս են յարութիւն առնում, երկրէ երկիր իրենց հետեւում, Թալէաթ փաշային պատուհասում Բեռլինում, Սաիդ Հալիմ փաշային՝ Հռոմում, Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին: Մէկ տարւայ ընթացքում եօթ վրիժառութիւն: Բա դա կոտորւած ազգի արարմո՞ւնք էր: Յետոյ ի՞նչ, որ Իթթիհադի այդ նոյն պարագլուխներին մահապատժի էր դատապարտել Թուրքիայի ռազմական գերագոյն ատեանը: Հայերը չէի՞ն հասկանում, որ գերագոյն ատեանի որոշումներն էլ են ձեւական: Չէ՞, Ջեմալ փաշան այդքան միամիտ չէր: Նա համարեա չէր իջնում կառքից, թիկնապահից՝ մեղա՛յ, մեղա՛յ, արտաքնոցում անգամ չէր բաժանւում եւ նոյնիսկ անձնական քարտուղարին տւեալ օրւայ ծրագրերը նախօրօք չէր տեղեկացնում: Խե՞ղճ խոտորջուրցիներ, տասներեք հոգով փուռերը անտէր, յաճախորդներին անհաց թողած, ամբողջ օրը հեւիհեւ հետապնդում էին ճիւաղին, գիշերները յուսախաբ անկողին մտնում: Էլի մէջների ճարպիկը Կառլոս Չախալեանի եղբայրն էր՝ Գրիգորը: Նա Թբիլիսիում Քեմալական Թուրքիայի հիւպատոսական կցորդ Նուրէդդին բէյի հետ նոյն՝ Վիլիամինովսկայա փողոցի թիւ 22 տանը, կից սենեակում էր ապրում ու ամէն գիշեր ականջը դռանը կպցնում, հարբած դիւանագէտների բաժակաճառերն էր լսում: Այդպիսի մի շատախօսութեան ժամանակ իմացաւ, որ փաշան ցանկութիւն է յայտնել հրաժեշտի երեկոն ճոպանուղու բարձրադիր ռեստորանում անցկացնել...

Արտաշէս Գէորգեանն ու Պետրոս Տէր-Պօղոսեանը վերջին անգամ Համբարձում Պալճեանի բերած «Նագան», «Կոլտ», «Պարաբելում» ատրճանակները փորձարկում, «Մաուզերներն» են ընտրում: Օրը, յուլիսի 21-ը՝ ուրբաթ, թուրքերի կիրակին էր: Երկու խոտորջուրցի նոյն ռեստորանում սեղան վարձեցին, ձեւացրին, թէ ուտում-խմում են, բայց հայեացքները ոչ մի ակնթարթ Ջեմալից չհեռացրին: Միւսները դիրք էին մտել ճոպանուղուց թուրքական հիւպատոսարան ձգւող ոլորանի բոլոր շրջադարձերում: Բայց, որտե՞ղ սնդաւէին անմեղ հայ կանանց, մանուկների դահճին՝ հէնց ռեստորանո՞ւմ, ճոպանուղու վերջին կայանո՞ւմ թէ Դանովսկայա փակուղում: Ամենայարմարը՝ ոչ բանուկը, իհարկէ, թուրքական հիւպատոսարան տանող Պետրոս Մեծ փողոցն էր, բայց այնտեղ էլ ցցւած էր Չեկայի շէնքը, որի շրջակայքում միշտ տեսանելի ու անտեսանելի գործակալներ էին վխտում:

Ջեմալի տրամադրութիւնը բարձր էր: Ողջերթի խնջոյքը վաղուց աւարտւել էր, բայց նա որոշում է ճոպանուղու բարձունքից վերջին անգամ դիտել գիշերային Թբիլիսը, նորից կոնիակ է պատւիրում: Ու հասկանալի է՝ շաղակրատում է Քաբուլում վարած բանակցութիւնների յաջողութեան, մահմեդական երկրների մօտակայ միաւորման, թուրանական խալիֆայութեան ստեղծման մասին, որտեղ իրեն սուլթանի, առնւազն վեզիրի պատմուճանով է պատկերացնում: Ի վերջոյ, անձնական քարտուղարին կարգադրում է հաշիւը փակել ու հաճոյքի համար ճոպանուղի է նստում: Դիրքապահներն իսկոյն վարձում են քաղաքային կայանի բոլոր կառքերը, որպէսզի Ջեմալը ոտքով հասնի հիւպատոսարան: Ճոպանուղուց երեք հոգով են դուրս գալիս: Առջեւից, անընդհատ շուրջը նայելով, քայլում է թիկնապահը, յետեւից, քարտուղարի հետ թեւանցուկ զրուցելով, Ջեմալը: Անցնում են Պուշկինեան պուրակը: Ալեքսանդր Նեւսկու տաճարը: Երմոլովեան վերելքը: Հէնց մտնում են Պետրոս Մեծ՝ ոչ բանուկ փողոցը, Արտաշէսն ու Գէորգը հանդիպակաց մայթից արագարագ առաջանում, անցումը կտրում, ընդառաջ են ելնում: Ջեմալը հարբածութիւնն իսկոյն թօթափում, ձեռքը գրպանն է տանում:

- Մի՞ շտապիր, փաշա՛,- հանգիստ ասում են խոտորջուրցի վրիժառուները,- յիշիր Ուրֆան, Ռաքքան, Դեր Զորը: Չե՞ս ուզում յիշել: Հիմա կը յիշես...

Չեկայի շէնքի առջեւ էլ որոտում են ատրճանակները: Ջեմալն ընկնում է, ու նրա դէմքին ուրւագծւում է այն ժպիտը, որ ուրւագծւել էր Ուրֆայում, երբ Մարուզ մայրիկը ծնկաչոք խնդրել էր խնայել իրենց կեանքը: Հէնց այդ ժպիտն է մնում փաշայի դէմքին, սառչում: Ու մինչ Չեկայի գործակալները փողոց կը նետւեն՝ վրիժառուները խաւարը ճեղքում, խառնւում են Երեւանեան հրապարակի խուճապահար բազմութեանը, տարակուսանքով հարցնում.

- Այս ի՞նչ իրարանցում է, ի՞նչ է պատահել...

Յետոյ տարբեր ճանապարհներով տուն են գնում, նշում «իրադարձութիւնը»:

Չեկայի պատասխանատու աշխատակից Վանիա Գէորգովը տարիներ անց պիտի խոստովանէր.

- Ես ում ասես կը կասկածէի, բայց որ խոնարհ ու անշառ խոտորջուրցի հացթուխները նման չբացայայտւող ահաբեկչութիւն կը ձեռնարկեն, մտքովս էլ չէի անցկացնի...

Բռնարարքից յետոյ նա, իհարկէ, խորհրդային նոր ձեւաւորւող Միութեան, Թուրքիայի դիւանագիտական յարաբերութիւնները չսրելու, ամենազօր ու ամենատես Չեկայի համբաւը չարատաւորելու համար անխնայ ձերբակալում, հարցաքննում էր ազգայնականի համարում ունեցող հայերին, անգամ նրանց կանանց, դպրոցահասակ երեխաներին: Երբ Մետեխին անմեղ հայերով է լցւում, Արտաշէս Գէորգեանի խիղճը տանջում է, ինքնակամ ներկայանում է Անդրկովկասեան երկրային կոմիտէի առաջին քարտուղար Ալեքսանդր Միասնիկեանին:

- Ընկեր Միասնիկեան,- խոստովանում է նա,- Աստծուց թաքցնեմ, ձեզնից ի՞նչ թաքցնեմ, իմ պատճառով՝ անտեղեակ մարդիկ են բանտ ընկնում, խորհուրդ տւէք, ինչպէ՞ս վարւեմ:

Միասնիկեանը վեր է կենում, ներսից կողպում է առանձնասենեակի դուռը: Յետոյ մօտենում, ձեռքը դնում է Արտաշէսի ուսին, շշնջում.

- Նորութիւն մի՛ ասայ, գնա՛ Ռուսաստան, մի քանի տարի մի երեւայ: Բանտարկւածների մասին չմտածես, շատ չենք պահի: Թուրքիայի աչքին թոզ պիտի փչե՞նք, թէ չէ...

Ցաւօք՝ Ցեղասպանութիւնը դրանով էլ չաւարտւեց, այն, ինչ թուրքերը չհասցրին անել, արեց Ստալինը: Նախ ինքնաթիռի աղէտ սադրեց, վերացրեց Միասնիկեանին, յետոյ բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին Ջեմալի վրիժառութեանը, գնդակահարեց, միւս խոտորջուրցիներին, անկախ այն բանից, Թբիլիսիում էին ապրում, Դոնբասում թէ Երեւանում, ամենաքիչը տասնհինգ տարով Սիբիր աքսորեց: Արտաշէս Գէորգեանը, Ստեփան Ծաղիկեանը, Պետրոս Տէր-Պօղոսեանը, միւսները, չնայած յետմահու արդարացւեցին, բայց գերեզման չունեցան: Այդ պատճառով՝ ամէն անգամ, երբ իմ, քո նահատակ ու վերապրող հայերի երախտիքն եմ ուզում արտայայտել, ընթերցո՛ղ, ծաղիկներով Ծիծեռնակաբերդ եմ բարձրանում, յուշահամալիրի խոնարհման պատին, որն ինձ թւում է՝ հէնց այդ նպատակի համար է դատարկ թողնւած, նրանց անուններն եմ փնտրում:

Փնտրում ու չեմ գտնում:

Գրիգոր ՋԱՆԻԿԵԱՆ

Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ